ՀՀ իշխանությունները պետք է Հայաստան տեղափոխեն հայ հերոս Սողոմոն Թեհլերյանի և Հայոց ցեղասպանության կազմակերպիչների հանդեպ վրեժխնդրությանը մասնակից այլ հայ հերոսների աճյունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Խաչակիրների ջոկատի» զինվոր Շահե Աճեմյանը: Նրա խոսքով, հերոսների աճյունները պետք է ամփոփվեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Սողոմոն Թեհլերյանը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է: Նրա ընտանիքն ու հարազատները սպանվեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: 1921 թվականի մարտի 15-ին Թեհլերյանը Բեռլինում սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային: 1921թ. հունիսին Բեռլինում Թեհլերյանի նկատմամբ դատն ըստ էության վերածվեց Ցեղասպանության կազմակերպիչների` հայ ժողովրդի դահիճների դատի: Եվրոպայի առաջադեմ հասարակության ճնշման ներքո Թեհլերյանն արդարացվեց: