Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ բիզնես-հատվածի ներգրավումը քաղաքային տրանսպորտի ծառայությունների համակարգում կօգնի օր առաջ բարելավել Երևանում տրանսպորտային երթևեկությունը: Ինչպես նա հայտնել է Հայաստանի Հանրային խորհրդի նիստում, որը հրավիրվել էր Երևանի խնդիրների քննարկման համար, այժմ քաղաքապետարանը մայրաքաղաքի իդեալական տրանսպորտային համակարգի հայեցակարգ է մշակում: «Ապագայում Երևանում տրանսպորտային ծառայություններ կտրամադրեն միայն միջին և բարձր դասի ավտոբուսները»,- ասել է քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ եթե քաղաքապետարանին հաջողվի ներդրողներ ներգրավել մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտում, ապա որոշ ժամանակ անց քաղաքապետարանին կհաջողվի նաև անցնել տրանսպորտային ծառայությունների վճարման միասնական համակարգին: «Իհարկե, մենք միայն աստիճանաբար կարող ենք անցնել նման համակարգին, քանի որ վստահ ենք, որ նման նորամուծությունն անպայման երևանցիների շրջանում դժգոհություն կառաջացնի»,- ասել է Երևանի քաղաքապետը: