AM
25 March 2011 - 07:50 AMT

Հայաստանի ռուսական համայնքը բարձր է գնահատում «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագիրը

«Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության կողմից նախաձեռնած` ռուսական համայնքի ներկայացուցիչների հանդիսավոր ընդունելության ընթացքում ներկայացվել է 1827թ. Օշականի ճակատամարտի ընթացքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը պարսկական հարձակումից փրկած ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բարեկարգամ ներկայիս փուլի մասին պատմող աուդիոսլայդշոու: Հիշեցնենք, որ հուշահամալիրի վերածննդի նախաձեռնությունը պատկանում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և իրականացվում «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության կողմից:

Կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն ընդգծեց երկու ժողովուրդների հերոսական անցյալի մասին հուշերը երիտասարդ սերնդին փոխանցելու անհրաժեշտությունը: Ռուսական համայնքի ներկայացուցիչներն, իրենց հերթին, բարձր գնահատեցին կատարած աշխատանքները` ընդգծելով, որ հայ և ռուս ժողովուրդների պատմական հիշողության պահպանումն ու արդիականացումը վերջին շրջանում իրականացվում է հավուր պատշաճի:

Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է: 1827թ. օգոստոսի 17-ին պարսից շահ Աբբաս Միրզայի զորքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկությանն էր շտապում ռուսական զորախումբը` Ա. Կրասովսկու գլխավորությամբ: Պարսիկները ճակատամարտը տանուլ տվեցին: Որոշում ընդունվեց Օշականում ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիր կանգնեցնել, որի բացումը կայացավ 1834թ.: Մեր օրերում Օշականի հուշահամալիրը հայտնվել էր անմխիթար վիճակում: «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրան նոր շունչ հաղորդել, ասվում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: Սա «Պատվի գործ» կազմակերպության երկրորդ լայնամաշտաբ ծրագիրն է: Առաջինը` Գյումրիում Պատվո Բլրի բարեկարգումն էր: Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին` Ռուսաստանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ: