ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին բարձր է գնահատել մայրաքաղաքում երեխաների կրթության, դաստիարակության պայմանները բարելավելու ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի ջանքերը: « Հատկապես ուրախալի է մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին վերջերս Ձեր կայացրած որոշումը»,- նշել է UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանի հետ հանդիպմանը: UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչը քաղաքապետին է ներկայացրել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։
Կարեն Կարապետյանն իր հերթին հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը UNICEF-ից ակնկալում է խորհրդատվական աջակցություն առողջապահության և կրթության ոլորտների կառավարման բնագավառում։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Մաքուր ջուր» ընկերությունը UNICEF-ի աջակցությամբ սոցիալական ծրագիր կիրականացնի Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծննդատներում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: