AM
30 March 2011 - 08:13 AMT

Հայաստանը և Շվեդիան միասին կնվազեցնեն աղետների ռիսկերը

Մարտի 30-ին Երևանում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) և Արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման շվեդական գործակալությունը ստորագրել են Փոխըմբռնման մասին հուշագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի և Արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման շվեդական գործակալության ղեկավարի տեղակալ Բերգհոլմ Սոդերի կողմից: «Մենք շատ ուրախ ենք այս համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, քանի որ այն հիմք է հանդիսանալու մեր երկրների միջև հետագա համագործակցության համար»,- ասել է Սոդերը: Նրա խոսքերով, հուշագիրը նախատեսում է համագործակցություն աղետների ռիսկերի նվազեցման մեթոդների զարգացման ոլորտում, աղետների ռիսկերի նվազեցման հարցում փորձի փոխանակություն:

Իր հերթին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ յուրաքանչյուր պետություն պետք է համապատասխան աշխատանքներ անցկացնի աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Նախարարը նաև ասել է, որ Հայաստանն արդեն վաղուց համագործակցում է Շվեդիայի հետ և մեծ նշանակություն է տվել հուշագրի ստորագրմանը` ընդգծելով, որ շվեդական կողմի հետ փորձի փոխանակությունը շատ կարևոր է Հայաստանի համար: