«Տաշիր 2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հայ աստղերին բնակարան հանձնելը, ամենայն հավանականությամբ, կարելի է ցուցամոլություն համարել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է դերասանուհի Լալա Մնացականյանը: «Բարեգործությամբ զբաղվելու համար մարդն առաջին հերթին պետք է հոգեպես հարուստ լինի»,- ասել է Մնացականյանը: Միաժամանակ, նա նշել է, որ բնակարաններ նվեր ստացած մարդկանց մեղադրելու փոխարեն պետք է մեղադրել նրան, ով նվիրել է դրանք: «Ոչ մի մարդ չի հրաժարվի, եթե նրան բնակարան նվիրեն»,- ասել է նա:
Ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլի ետական պալատում կայացավ «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Բնակարանի վկայականներ ստացան Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան: Բնակարաններ են ստացել նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը: Մարտիրոսյանը բնակարան է ստացել Մոսկվայում, իսկ Սոբչակը` Երևանում: Այդ նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ հանրության կողմից: Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» անունը կրող հատուկ էջ: Խմբի մասնակիցները հայկական էստրադայի աստղերին, որոնք բնակարանի կարիք չունեն, կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նվեր ստացած բնակարաններն անօթևան ընտանիքներին նվիրաբերել: Չնայած, որ էջը բացվել է ապրիլի 3-ի գիշերը, դրան արդեն 620 մարդ է միացել: Սակայն, տեսնելով հայ էստրադայի աստղերի անգործությունը, որոնց կոչ էին անում ապրիլի 3-ին «Տաշիր-2011» մրցանակաբշխության ժամանակ նվեր ստացած բնակարանները նվիրել անօթևան ընտանիքներին, Facebook-ի հայ օգտագործողները որոշել են ցանցում խումբ բացել, որի միջոցով միջոցներ կհավաքագրվեն անօթևան ընտանիքների համար: