Հայաստանում անհրաժեշտ է մշակել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման պետական ծրագիր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը: Մասնագետի խոսքերով, այդ ծրագիրը պետք է նախատեսի առողջ ապրելակերպ, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների վաղ ախտորոշում: Նա նշել է, որ հիվանդության վաղ ախտորոշումն ավելի հեշտ է և մատչելի թե հիվանդների, թե պետության համար, քան բուժումը:
Զելվեյանի կարծիքով, ճիշտ կլիներ, եթե Հայաստանում ներմուծվեր բժշկական ապահովագրության համակարգ ինչպես կամավոր, այնպես էլ պարտադիր հիմունքներով: Դա, գլխավոր սրտաբանի խոսքերով, կօգնի լուծել խնդիրը, երբ քաղաքացիները միջոցներ չունեն, բայց շուտափույթ բժշկական միջամտության կարիք ունեն: