AM
7 April 2011 - 04:33 AMT

Կարեն Կարապետյանը կոչ է անում երևանցիներին ակտիվ մասնակցել գալիք շաբաթօրյակին

Երևանի քաղաքապետարանը ապրիլի 9-ը և 16-ը հայտարարում է համաքաղաքային ծառատունկի և բարի ավանդույթ դարձած շաբաթօրյակի օրեր: «Մաքուր, բարեկարգ ու կանաչ քաղաք ունենալը բոլորիս ցանկությունն է և, միաժամանակ, բոլորիս պարտականությունը: Մենք միասին գործով կարող ենք ցույց տալ մեր սերն ու հարգանքը քաղաքի հանդեպ: Վստահ եմ` ում հարազատ է Երևանը, կմիանա մեզ: Քաղաքային միջավայրը պետք է առանձնանա իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով: Այստեղ յուրաքանչյուրիս լուման կարևոր է: Քաղաքը, մեր շրջակայքը մաքրելու, միասնական ծառատունկին մասնակցելու համար, վստահ եմ, հազարավոր երևանցիներ են արձագանքելու»,- նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետը բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, բանկերին, խանութներին, ավտովառելիքի կայաններ շահագործողներին, մասնավոր տների հատվածին, նաև միջազգային կառույցներին հորդորում է մաքրել ու կանաչապատել իրենց հարակից տարածքները: «Խնամված ու բարեկարգ վիճակը մեզանից յուրաքանչյուրի և ընդհանրապես քաղաքի դեմքն է: Կոչ եմ անում բոլոր երևանաբնակներին` մասնակցել այս համաքաղաքային միջոցառմանը. ծառատունկը դարձնենք տոն ու այդ տոնը նվիրենք մեր քաղաքին»,- ընդգծել է նա: