Հայ կանայք ավելի հաճախ են սկսել դիմել ամուսնական գործակալություններ` իրենց երկրորդ կեսին գտնելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հանդիպում» ամուսնական գործակալության տնօրեն Նարե Մարտոյանը: Նրա խոսքերով, գործակալություն դիմած 4000 հոգուց 3000-ը կանայք են: «Մեր գործակալություն են դիմում 17-80 տարեկան անձինք»,- նշել է Մարտոյանը և հավելել, որ նրանք մարդիկ են, որոնք չեն կորցրել իրենց երկրորդ կեսին գտնելու հույսը: Միաժամանակ, նա հաղորդել է, որ գործակալության շնորհիվ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ ձևավորվում է 20-22 նոր ընտանիք: «Կարևոր չէ, թե որտեղ են ծանոթացել մարդիկ, գլխավորն այն է, որ նրանք գտել են իրենց երկրորդ կեսին»,- ասել է նա: Մարտոյանը նաև հաղորդել է, որ գործակալության ծառայություններն արժեն 10.500 դրամ: «Մեր հաճախորդը մեկ անգամ վճարում է այդ գումարը և կարող է առանց սահմանափակումների օգտվել մեր ծառայություններից»,- նշել է նա:
Իր հերթին, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը նշել է, որ սեռական հարաբերությունները կարևոր դեր են խաղում ընտանիքի ձևավորման մեջ: «Կարևոր է ոչ միայն սոցիալական համատեղելիությունը, այլ նաև ֆիզիկական»,- ասել է նա և ավելացրել, որ շատ ընտանիքների խնդիրների հիմքում, որոնք հոգեբանի են դիմում, ընկած է հենց այդ խնդիրը: