AM
16 April 2011 - 11:17 AMT

«Օգնիր քեզ» հասարակական կազմակերպությունը միջոցներ է հավաքում հիվանդ տղայի վիրահատության համար

Ապրիլի 16-ին «Օգնիր քեզ» հասարակական կազմակերպությունն անցկացրեց իր առաջին հավաքը` Հայաստանի սոցիալապես անապահով մարդկանց համար դրամական միջոցներ հավաքելու նպատակով: Ինչպես լրագրողներին հաղորդեց կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանը, այս նախաձեռնությունը սկիզբ առավ այն բանից հետո, երբ սոցիալական ցանցում վրդովմունքի ալիք բարձրացավ այն առիթով, որ «Տաշիր 2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հայ արտիստներին բնակարաններ նվիրեցին: «Շատերը հայ աստղերին կոչ էին անում այդ բնակարանները նվիրել անօթևաններին, սակայն մենք որոշեցինք, որ կոչերով հանդես գալու փոխարեն պետք է ինքներս դրամական միջոցներ հավաքենք սոցիալապես անապահով մարդկանց համար»,- ասաց նա: Ընդ որում, Հովհաննիսյանը հաղորդեց, որ կազմակերպությունը մտադիր է օգնել այն մարդկանց, որոնք որևէ օգնություն չեն ստանում ոչ ՀՀ կառավարությունից, ոչ էլ որևէ հիմնադրամից: Սամվել Հովհաննիսյանի խոսքով, ներկա պահին կազմակերպությունը մտադիր է գումար հավաքել 16-ամյա տղայի համար, որը երկու երիկամն էլ չունի: «Տղայի մայրը պատրաստ է դոնոր դառնալ, սակայն ընտանիքը չունի գումար, որպեսզի վճարի վիրահատության համար»,- հաղորդեց նա` ավելացնելով, որ վիրահատությունն արժե 7,5 մլն դրամ, որից 2,5 մլն-ը կհատկացնի ՀՀ կառավարությունը, 2,5-ը` հայ-շվեյցարական հիմնադրամը: Ընտանիքին մնում է միայն 2,5 մլն ավելացնել գումարին, որն էլ մենք մտադիր ենք հավաքել»,- նշեց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ հիվանդը ներկա դրությամբ Արաբկիր բժշկական կենտրոնում է պառկած:

Դրա հետ մեկտեղ Սամվել Հովհաննիսյանը հաղորդեց, որ շատ հիմնադրամներ և հասարակական կազմակերպություններ նույնպես միացել են «Օգնիր քեզ» հասարակական կազմակերպության նախաձեռնությանը: «Բացի դրանից Սփյուռքի ներկայացուցիչները նույնպես կապ են հաստատել մեզ հետ և պատրաստակամություն հայտնել ֆինանսական միջոցներ տրամադրելու, որպեսզի օգնեն կարիքավոր մարդկանց: Դրա հետ մեկտեղ իրենց անվճար ծառայություններն են առաջարկել բազմաթիվ բժիշկներ և հոգեբաններ»,- հաղորդեց նա: Այս դրամահավաքի կապակցությամբ HSBC բանկում հաշիվ է բացվել` 004 10 10 10 004, որին բոլոր ցանկացողները կարող են գումար ուղարկել: