AM
20 April 2011 - 10:26 AMT

Արհմիությունները կոչ են անում նախագահին չստորագրել «Հավաքների ազատության մասին» օրենքը

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը կոչ է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին չստորագրել «Հավաքների ազատության մասին» նոր օրենքը: Երևանում մամլո ասուլիսում նա հաղորդել է, որ աջակցության համար դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանին: Վաղարշակյանը նաև հավելել է, որ կառավարությունը պետք է արհմիություններին վերաբերվի որպես սոցիալական գործընկերների, և կառավարությունը պարտավոր է նախօրոք ապագա օրենքի քննարկումներ անցկացնել շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Վաղարշակյանի խոսքերով, նոր օրենքը զգալիորեն փոքրացնում է արհմիությունների և աշխատողների հնարավորություններն իրենց իրավունքների համար պայքարում: Որպես օրինակ նա բերել է գործատուի տարածքում բողոքի ակցիաներ անցկացնելու արգելքն առանց նրա գրավոր համաձայնության: Վաղարշակյանի կարծիքով, օրենքի այդ դրույթն անհեթեթ է, քանի որ ոչ մի գործատու իր կողմից աշխատանքային օրենսգրքի նորմերը խախտելու դեպքում չի թույլատրի իր աշխատողներին անցկացնել բողոքի ակցիա: