AM
21 April 2011 - 06:18 AMT

Ամռանը Հայաստան կայցելի 10 հազար զբոսաշրջիկ Ռուսաստանից

Ռուս-հայկական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպությունը պայմանագիր է ստորագրել ռուսական զբոսաշրջային «Նոր ուղևորություն» ընկերության հետ 2011թ. մայիսից մինչ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի շրջաններից 10 հազար զբոսաշրջիկ Հայաստանում ընդունելու մասին: Պայմանագիրը ստորագրվել է Հայ-ռուսական միջմարզային առաջին համաժողովի շրջանակներում:

Ըստ «Նոր ուղևորություն» ընկերության գլխավոր տնօրեն Մերի Ներսիսյանի, նման լայնածավալ նախագծի իրականացումը մեծ ազդեցություն կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա:

«Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պայմանագրի կնքումից հետո հայտնեց, որ տևական բանակցությունների արդյունքում որոշվեց, որ ռուս զբոսաշրջիկներին առաջարկվող բոլոր ուղևորությունները Հայաստան շահավետորեն կտարբերվեն հայտնի զբոսաշրջային ընկերությունների առաջարկներից ինչպես արժեքով, այնպես էլ բովանդակությամբ, հայտնում է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական ընկերության մամլո կենտրոնը: