Հայաստանի կառավարության որոշմամբ հավանություն է ստացել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն ընձեռել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ գործունակ քաղաքացիներին` անկախ ստաժավորման հանգամանքից։
Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ չնայած բավական երկար ժամանակ է, ինչ ներդրվել է նոտարական այս համակարգը, բայց համատարած դժգոհություն կա։ «Այստեղ համատարած կաշառակերություն է գործառույթների կիրառման առումով, ընդ որում քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է իրականացնի քաղաքացին, միանգամից գումարը վերցնում են։ Պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է սահմանված սակագները»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով, եթե կառավարությունը ծառայության արժեքը սահմանել է 3000-5000 դրամ, ապա համատարած 5000 դրամ են վերցնում: Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել ուղղակի վերացնել այդ սանդղակը։ «Օրենսդրական այս փոփոխությունը մեզ խիստ անհրաժեշտ է, որովհետև ուզում ենք նոտարների քանակն ավելացնել, բայց չենք կարողանում։ Փակ համակարգ ենք ստեղծել և կախվածության մեջ ընկել նոտարներից։ Հիմա քայլ առ քայլ պետք է շտկենք իրավիճակը»,- ասել է նա: