Ապրիլի 27-ին` «Երկրի օր-2011» քարոզարշավի շրջանակներում տեղի է ունենալու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված ծաղիկների վերամշակման գործընթացը: Ըստ նախաձեռնության, ծաղիկների ցողուններից պետք է պատրաստվի պարարտախառնուրդ, որը կօգտագործվի հուշահամալիրի այգիները մշակելու համար, իսկ ծաղիկների թերթիկները կչորացվեն և կօգտագործվեն «Արևորդի» էկո-ակումբի սաների կողմից ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար:
Մինչ այդ, ապրիլի 22-ին Մոսկվայի տանը տեղի ունեցավ «95 ծառ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Արևմտյան Հայաստանից Երևան բերված 95 տնկիների մասին, որոնք տնկվեցին 2010 թ.-ին Ծիծեռնակաբերդի «Հուշերի պուրակում» Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ:
«Երկրի օր-2011» քարոզարշավի շրջանակներում կայանալու են նաև այլ միջոցառումներ: Կազմակերպվելու են ծառատունկեր Սիսիան քաղաքի արվեստի դպրոցի բակում և Նորատուս գյուղի դպրոցի բակում: Ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա մայիսի 8-ին Եռաբլուրում, որտեղ Շուշիի ազատագրման 19-ամյակի կապակցությամբ, կտնկվի 500 ծառ:
Քարոզարշավը իրականացվում է «Արևորդի» էկո-ակումբի կողմից, որի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: