Այսօր կայացած ասուլիսում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը տեղեկացրել է լրագրողներին, որ ամփոփվել են ՀՀ-ում 2011-ի առաջին եռամսյակի ժողովրդագրության տվյալները։
Ըստ 2011-ի առաջին եռամսյակի տվյալների կենդանի ծնվածների թիվը կազմում է 10251 նորածին, ինչը համեմատած 2010-ի առաջին եռամսյակի հետ 3,5% նվազել է, 2010-ին այդ թիվը կազմում էր՝ 10625 նորածին։
Աճել է մեռելածնությունը։ 2011-ի առաջին եռամսյակում գրանցվել է 219 դեպք, իսկ 2010-ին դեպքերի թիվը կազմում էր՝ 202։ Կարինե Կույումջյանը նշեց, որ մեռելածնության հաշվառման համակարգում բարեփոխումներ են կատարվել. «Եթե նախկինում Երևանում ծննդաբերած մարզերի բնակիչների մոտ մեռելածնություն էր լինում և դա չէր գրանցվում օրենսդրորեն, ապա այժմ անկախ նրանից տեղի բնակիչ ես, թե՝ ոչ, օրենսդրական կարգով իրականացվում է մեռելածնության գրանցումը»։
2011-ին առաջին եռամսյակում աճել է նաև մահացությունը՝ 7851 մահվան դեպք նախկին 7193-ի փոխարեն։ Սա կազմում է 9,1% աճ։ Ըստ ընդհանուր մահացության ցուցանիշների ամենից շատ մահանում են արյան շրջանառության հետ կապված հիվանդություններից՝ 3781 դեպք։ Հաջորդում են դժբախտ պատահարներն ու թունավորումները՝ 302 դեպք, ապա նորագոյացությունները, այնուհետև մարսողական համակարգի հիվանդությունները, ապա շնչառական, վարակիչ հիվանդությունները։ Մինչև մեկ տարեկան մահացության դեպքերը աճել են 12%-ով։
Ըստ Կարինե Կույումջյանի Հայաստանում բնական հավելաճի ցուցանիշները շատ ավելի բարձր են քան նախկին ԽՍՀՄ երկրներում. «Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 2400 բնական հավելաճ»։