Կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է 37 հազար մարդուց կազմված տվյալների բազան` նրանց ինքնությունը հաստատելու նպատակով: Այդ մասին մայիսի 4-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտյոմ Ասատրյանը: Նրա խոսքերով, տվյալների փոխանակության գործընթացի և կենսաթոշակային վճարումների կազմակերպումը բարելավելու նպատակով ստեղծվելու է տվյալների միասնական տեղեկատվական բազա:
Արտյոմ Ասատրյանը նաև հաղորդել է, որ վերանայված ցուցակների համաձայն ընթացիկ տարվա մայիսին 3000 թոշակառուների կենսաթոշակ չի վճարվելու, որոնք արդեն մահացել են, սակայն մինչև հիմա նրանց անունները ցուցակներում են, կամ չեն բնակվում հանրապետությունում: Փոխնախարարը հավելել է, որ այսուհետև Հայաստանում կենսաթոշակները վճարվելու են ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից սկսած, իսկ հանրապետության մարզերում` մեկ օր ուշ:
Ինչ վերաբերվում է կենսաթոշակների բարձրացմանը, ապա Ա. Ասատրյանը նշել է, որ 2011-ի պետբյուջեով կենսաթոշակների բարձրացման համար միջոցներ չեն նախատեսվել: