AM
5 May 2011 - 08:34 AMT

Օդերևութաբանները խոստանում են, որ առաջիկա 5 օրերին Հայաստանում անձրևներ են տեղալու

Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է, որ առաջիկա 5 օրերին Հայաստանում անձրևային եղանակը պահպանվելու է: Չնայած դրան, օդի ջերմաստիճանը չի փոխվելու: Մայիսի 5-ի երեկոյան սպասվում է ամպամածություն և հորդառատ անձրևներ, առանձին վայրերում` կարկուտ:

«Տեղումների քանակը գարնանը նորմայից բարձր է 150-200 տոկոսով, սակայն, անցյալ տարվա համեմատ կարող եմ ասել, որ քանակությունը գրեթե երկու անգամ կրճատվել է: Օդի ջերմաստիճանը լինելու է նորմայի սահմաններում: Մայիսի 10-ից հետո տեղումները նվազելու են, բայց դա չի նշանակում, որ դադարելու են»,- ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքերով, մայիսի 4-ին Աշտարակում և մոտակա գյուղերում կարկուտ է տեղացել, բայց դեռ վաղ է խոսել բերքին հասցված վնասների մասին: «Մայիսին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը ցերեկը լինելու է 22-24 աստիճան, գիշերը` 10-13: Լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15 աստիճան, գիշերը` 5-7: Ամռանը ջերմաստիճանը և տեղումները լինելու են նորմայի սահմաններում»,- հավելել է օդերևութաբանը: