AM
6 May 2011 - 14:03 AMT

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է «Նոտարիատի մասին» բարեփոխված տարբերակ ներկայացնել

Հայաստանի Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արամ Սաֆարյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի համարվող «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը:

Նախագծով նախատեսվում է նոտարի քննությանը մասնակցելու 1 տարվա ստաժավորման պահանջը փոխարինել 6 ամսվա ստաժավորման պահանջով, իսկ 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժի կամ գիտական աստիճանի առկայության դեպքում` առնվազն 3 ամսվա: Նախագծով նախատեսվում է նաև նոտարի քննությանը մասնակցելու համար սահմանված իրավաբանական բարձրագույն կրթության պահանջը փոխարինել իրավաբան մագիստրոսի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորման պահանջով:

Նախատեսվում է օրենքի ուժի մեջ մտնելու ընթացիկ տարվա որակավորման քննությանը մասնակցելու և նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն ընձեռել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ գործունակ քաղաքացիներին` անկախ ստաժավորման հանգամանքից:

Բանախոսը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է «Նոտարիատի մասին» նոր նախագիծ կամ գոնե լիովին բարեփոխված տարբերակ ներկայացնել, քանի որ գործող օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանը հարակից զեկուցման ժամանակ ընդունելի համարեց առաջարկվող փոփոխությունները` մեկ բացառությամբ. նա անընդունելի համարեց բակալավրի աստիճան ունեցողներին ցանկից հանելը, երևույթը գնահատելով որպես նրանց իրավունքների սահմանափակում: Զեկուցողի հետ համակարծիք էին նաև հանձնաժողովի մյուս անդամները: Հանձնաժողովն առաջարկեց այդ դրույթը չփոխել, այլ թողնել նախկին տեսքով, այն է` նոտարի քննությանը մասնակցելու հնարավորություն տալ նաև բակալավրի աստիճան ունեցողին:

Հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը կարևորեց կառավարության` «Նոտարիատի մասին» օրենքը հիմնովին բարեփոխելու մտադրությունը և տեղեկացրեց, որ նոր նախագիծը պատրաստ լինելու դեպքում հանձնաժողովը համապատասխան խորհրդարանական լսումներ կանցկացնի: