2011թ. հունիսի 1-4-ը «Տիեզերական ոդիսական» միջազգային կրթական ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելի ռուսական պատվիրակությունը` ռուս տիեզերագնաց, Խորհրդային Միության Հերոս Ալեքսանդր Բալանդինի և «Սոյուզ» Համառուսական երիտասարդական ավիատիեզերական ընկերության գործադիր տնօրեն Իվան Մուրավյովի մասնակցությամբ: Նախատեսվում է, որ հունիսի 1-ին ռուսական պատվիրակությունը կայցելի Վիկտոր Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան: Իսկ հունիսի 2-ին Ռուսական մշակութային և գիտական կենտրոնում կկայանա ռուսական պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աշխատակազմի, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ընկերակցության, Ռուսաց լեզվի դասախոսների հայկական ընկերության և Ռուսական բուհերի շրջանավարտների միության ներկայացուցիչների հետ: Նույն օրը` 13:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Յուրի Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը և տիեզերքի թեմայով փաստագրական ֆիլմերի ցուցադրություն:
Հունիսի 3-ին ռուսական պատվիրակության ժամանման պատվին հանդիպում կկայանա Հայաստանի Ազգային Ժողովում, հունիսի 4-ին ռուսական պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների և դասախոսների հետ, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամլո ծառայությունը: