Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը չի թույլատրել «Ազգային պատկերասրահ» փառատոնի բեմը իջեցնել պատկերասրահի վերելակով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փառատոնի տնօրեն Մարիամ Շահինյանը, մայիսի 31-ին ավարտված փառատոնի բեմը, որը բարձրացվել է նույն պատկերասրահի վերելակով, չի թույլատրվել իջեցնել, պատճառաբանելով, որ վերելակը վնասվում է: Շահինյանը նաև հավելեց, որ նրանք դիմել են մշակույթի նախարարություն, որտեղ ՀԱՊ-ի տնօրենը հայտարարել է, թե վերելակը չի աշխատում: Կազմակերպիչները ստիպված են եղել 90 քառակուսի մետրանոց բեմը իջեցնել աստիճաններով: Մարիամ Շահինյանը նաև հավելեց, որ ամեն տարի նման խոչընդոտներ լինում են պատկերասրահի տնօրինության կողմից փառատոնի օրերին:
«Ազգային պատկերասրահ» յոթերորդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է ապրիլի 28-ին Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում հնչել են կոմպոզիտորի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները, որին մասնակցեցին դաշնակահարներ Հայկ Մելիքյանն ու Ջուլիետա Վարդանյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, «Արս Լունգո» դուետը և հիմնադրամի կամերային նվագախումբը Արամ Թալալյանի ղեկավարությամբ: Բացի դրանից, ելույթ են ունեցել «Հայաստանի պատանի տաղանդներ» խումբը, ֆրանսիացի ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին և դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը (Գերմանիա) կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի հետ, ռուսաստանցի Գլեբ Կարպուշկինը (գալարափող) հանդես եկավ դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի ունեցավ մայիսի 31-ին, որին մասնակցեցին ռուսաստանցի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը: Փառատոնը կազմակերպվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից: