ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկի մասին: 4-րդ ամենամյա մրցույթն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:
Մրցույթի նպատակն է հայրենի բնության պահպանման գործի շուրջ համախմբել նաև երեխաներին:
«Մենք գիտակցում ենք, որ եկել է Երկրի բնության փրկության համար համախմբվելու ժամանակը, և յուրաքանչյուրն այդ քայլը պետք է սկսի իր շրջակա միջավայրից: Ավելին` անհրաժեշտություն է երեխաներին այս գործընթացում ներգրավելը, քանի որ նրանք են շարունակելու մեր գործը: Գունագեղ այս միջոցառումը հրաշալի միջոց է երեխաների մեջ բնության հանդեպ սեր և հոգատարություն սերմանելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկն ազդարարվել է հունիսի 1-ին` Երևանի կենդանաբանական այգում մեկնարկած նկարչության օրով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 1 միլիոն դրամ, որպեսզի երեխաների մուտքը դեպի կենդանաբանական այգի հունիսի 1-ին լինի անվճար:
Պատանի բնասերներն իրենց բնապահպանական նկարներով գունազարդեցին կրթօջախներից բերված ավելի քան հարյուր սեղան: Հետագայում, համապատասխան վերամշակումից հետո, էկոկրթության յուրահատուկ գործիք դարձած սեղանները կվերադարձվեն կրթօջախներ եւ կդառնան երեխաների առօրյայի կարևոր մասը:
Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկից անմիջապես հետո, գործելու է մրցույթի պաշտոնական կայքը` www.paintingday.sunchild.org, որտեղ իրենց նկարների առցանց տարբերակները տեղադրելու հնարավորություն կունենան աշխարհի տարբեր ծայրերում ապրող 5-16 տարեկան երեխաները:
Այս տարվա մրցույթի թեմաներն են` «Իմ երազած կենդանաբանական այգին», «Իմ հայրենի բնությունը», «Ես ծառ եմ»: Մրցույթը կշարունակվի մինչև 2011 թ-ի սեպտեմբերի 1-ը: Հաղթողներին որոշելու հարցում այս տարի ևս որոշիչ է լինելու,և անկախ ժյուրի, և մրցույթի կայքէջի այցելուների կարծիքը: Քվեարկությունից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Երևանի կենդանաբանական այգուն: Համահայակական նկարչական 4-րդ մրցույթի արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերի 14-18-ը կայանալիք «Արևորդի» բնապահպանական 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: