AM
1 Սեպտեմբեր 2011 - 10:06 AMT

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունենալու Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը սեպտեմբերի 21-ին Լոնդոնում Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի մյուս հաղթողների հետ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգին, հայտնում է Music of Armenia ընկերությունը: Նվագախումբը ղեկավարելու է մրցույթի նախագահ, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը: Համերգում հնչելու են Չայկովսկու ամենահայտնի ստեղծագործությունները:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011 թ-ին նա փայլուն հաղթանակ տարավ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: