AM
1 Սեպտեմբեր 2011 - 12:05 AMT

Հայաստանը դեռ չի հստակեցրել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին իր մասնակցության հարցը

Հայաստանը դեռ չի որոշել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին իր մասնակցության հարցը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, որոշում դեռ չի ընդունվել, քանի որ հայկական կողմը բանակցում է Հեռարձակողների եվրոպական միության հետ: «Բանակցությունները շարունակվում են, շուտով որոշում կկայացվի»,-ասել է նա:

Մինչդեռ, Բաքվում է գտնվում «Եվրատեսիլ-2012» խորհրդատվական խումբը: «Արդեն 56 տարի է, ինչ գոյություն ունի «Եվրատեսիլը»: Ամեն տարի ընդունող կողմն ինչ-որ նորամուծություններ է կատարում «Եվրատեսիլում», զարմացնելով ինչ-որ նոր բանով: Հավաքը Բաքվում մեզ ոգևորեց: Վստահ եմ, որ հաջորդ տարի մեզ տպավորիչ շոու է սպասում Բաքվում»,-ասել է Eurovision TV-ի տնօրեն Յորգան Ֆրանկը:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը հայտնվելու է մրցույթի լավագույն հնգյակում:

Հայաստանը բողոք չի ներկայացրել Եվրոպական հեռարձակման միությանը` EBU-ին «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը:

Մինչդեռ մրցույթի համար երգի ընտրությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ` ԴերՀովա – Հարութ Տեր-Հովակիմյան):