AM
3 Սեպտեմբեր 2011 - 11:30 AMT

«Միհր» թատրոնը մասնակցելու է Կալիֆորնիայի միջազգային թատերական փառատոնին

«Միհր» թատրոնը մասնակցելու է Լոս Անջելեսում կայացող Կալիֆորնիայի միջազգային թատերական փառատոնին, հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը:Փառատոնին «Միհրը» ներկայացնելու է «Կոմիտասի 10 պատվիրանները» և «Գույներ» ներկայացումները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը, նրանք ամերիկացի հանդիսատեսին ներկայանալու են սեպտեմբերի 8-11-ը:

«Ամեն անգամ ներկայացնելով մի նոր բան, մենք ստեղծում ենք երկխոսություն մարդկանց հետ, որը մեզ տալիս է նոր ստեղծագործական հորիզոններ իսկ նրանց համար` նոր էմոզիաների հորիզոնների բացահայտում: Օրինակ` հանդիսատեսը չգիտի թե ով է Կոմիտաս Վարդապետը, բայց ներկայացման ժամանակ նրանք էմոցիոնալ առումով կարող են լինել նրան մոտ»,- ասաց Մլքե-Գալստյանը: Նա նաև նշում է, որ իր նպատակը ոչ թե հանդիսատեսին դասախոսություն կարդալն է, այլ մարդկանց զգայական աստիճանի հասցնելն է:

«Հանդիսատեսը կտեսնի այն արվեստը, որը ստեղծվել է Հայաստանում, բայց նույն ժամանակ կզգա, որ արվեստը սահման չունի»,- հավելեց ղեկավարը:

Փառատոնը կայանալու է սեպտեմբերի 8-18-ը, մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Չեխիայի, Լատվիայի, Ռուսաստանի և Միջին Ասիայի տարբեր երկրների թատրոններ և թատերախմբեր:

«Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, սակայն ոչ մի անգամ չի դարձել գլխավոր թատերական մրցանակակիր Հայաստանում: Թատրոնի նպատակն է բացահայտել ամեն շարժման փիլիսոփայական գաղափարը` միաձուլելով արվեստը, նկարչությունը, պարը և փիլիսոփայությունը: