Սեպտեմբերի 1-ին Լոնդոնի «Royal Festival Hall»-ում տեղի ունեցավ «Սպիտակ տեսիլք» (Wհite Illusion) խորագրով համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էին անվանի Ինվերս (Inverse) և Ղազար-գալա մշակութային ընկերությունները Հայաստանի մշակույթի նախարարության, Լոնդոնում Հայաստանի դեսպանության և Միացյալ Թագավորությունում հայոց եկեղեցու առաջնորդարանի հովանու ներքո:
Համերգային ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի և երիտասարդ կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի հեղինակային գործերը, որոնք կատարեցին «Ֆիլարմոնիա օրքեսթրան» (Philarmonia Orchestra), ջութակահար Կարեն Շահգալդյանը, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, կիթառահար Վարդան Գաբոյանը, թավջութակահար Բեն Ասատրյանը, դաշնակահարներ Արեգ Միրզոյանը և Արթուր Բոբիկյանը, ինչպես նաև Ջյուս անսամբլը:
Միջոցառմանը մասնակցեց շուրջ 2000 հանդիսատես, այդ թվում նաև Միացյալ թագավորությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, բրիտանական քաղաքական, հասարակական և մշակութային ոլորտի և բրիտանահայ համայնքի ներկայացուցիչները:






