27.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Կարս-Թբիլիսի ավտոճանապարհի շինարարությունը չափազանց կարեւոր է Թուրքիայի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը` ամփոփելով վրաց իր պաշտոնակից Իրակլի Մենաղարիշվիլու հետ բանակցությունների արդյունքները: Ջեմը ասել է, որ այս ճանապարհը ոչ միայն կկապի Թուրքիան եւ Վրաստանը, այլեւ կմիացնի ողջ Կովկասը Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի հետ: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իր պետությունը առայժմ չի կարող միջոցներ գտնել 1 մլրդ. 200 մլն. դոլար արժողությամբ այս նախագծի իրականացման համար: Ջեմը ասել է, որ Թուրքիան ի վիճակի չէ ինքնուրույն իրականացնել ավտոճանապարհի շինարարությունը, եւ ընդգծել է, որ Անկարայի եւ Թբիլիսիի համատեղ ջանքերն այս ուղղությամբ շարունակվում են:
Իրակլի Մենաղարիշվիլին ասել է, որ Թուրքիան մեծ դեր է խաղում Վրաստանի` Եվրոպա ինտեգրվելու գործընթացում: Նա ընդգծել է, որ Եվրամիության պաշտոնական թեկնածու անդամ դառնալուց հետո Թուրքիայի դերը էլ ավելի է մեծացել: –0–