AM
1 February 2012 - 09:51 AMT

Ըստ Ադրբեջանի, Ֆրանսիան կորցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ լինելու «բարոյական իրավունքը»

Ֆրանսիան կորցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ լինելու «բարոյական իրավունքը», սակայն իրավաբանորեն չի զրկվել այդ իրավունքից: Ինչպես հայտնում է 1news.az-ը, Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստում: «Մենք պետք է հաշվի նստենք այս հարցի իրավաբանական կողմի հետ: Այս հարցում մենք ոչինչ չենք կարող անել, սակայն Ադրբեջանն ամեն ինչ կանի իր ու Թուրքիայի շահերը պաշտպանելու համար»,-ասել է նա: «Մենք այդ հարցերը քննարկում ենք երկրի ղեկավարության, խորհրդարանի մակարդակով ոչ թե մեզ ցուցադրելու համար, այլ ի սրտե»,-ասել է Ասադովը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին իր դժգոհությունն է արտահայտել ֆրանսիացի սենատորների` Սահմանադրական խորհուրդ` Հաոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, դիմելու կապակցությամբ: