
🗿 Մի քանի շաբաթ է հայ հասարակությունը քննարկում ու քննադատում է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը, որը տեղադրվել էր Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում։ Հայաստանում ամեն երկրորդ արձանը մեծ աղմուկ է առաջացնում ու գրեթե միշտ՝ բացասական ենթատեքստով, բայց այս դեպքը եզակիներից էր այն առումով, որ արդյունքում Զանգակատուն համայնքի բնակիչների քվեարկության արդյունքում արձանը պարզապես որոշել են ապամոնտաժել։ Պատկերը, իհարկե, տխուր է։ Արձանն օբյեկտիվորեն՝ խիստ ոչ միանշանակ։ Բայց արվեստագետներից ու արվեստաբաններից մինչև մասնագիտությամբ Facebook-ում ստատուս գրողներ, բոլորը հասցրել են թեմայի շուրջ իրենց կարծիքը հայտնել։ Ու քանի դեռ թեմայից հոգնած չեք որոշել թերթել այս գրառումը, խոստանում ենք, որ այս անգամ Սևակի արձանից չենք խոսի։ Բայց սա լավ առիթ էր՝ վերհիշելու ժամանակին ամենամեծ աղմուկը հանած արձանի պատմությունը։ Կարապի լճի տարածքում Առնո Բաբաջանյանի արձանն այսօր էլ է ոչ միանշանակ ընդունվում հանրության կողմից, բայց 2002-2003 թվականների արձագանքի հետ համեմատության եզրեր անգամ չկան։ Քննադատում էին ամեն ինչ՝ կոմպոզիտորի ձեռքերի չափից ու դեմքի արտահայտությունից մինչև քանդակի ընդհանուր տրամաբանությունը։ Այսօր Բաբաջանյանի արձանը քաղաքի գույներից է, հանդիպման կետ, կարծես թե՝ միշտ էլ քաղաքին պատկանած ու բնականորեն ձուլված մի բան։ Բայց երկու տասնամյակ առաջ արձանն անգամ ապամոնտաժել են ու փոփոխություններից հետո կրկին տեղադրել։ #PAN-ը պատմում է սյուրռեալիստական Բաբաջանյանի պատմությունը՝ «ամոթ է»-ից մինչև երևանյան պատկեր՝