AM
30 սեպտեմբերի 2024 - 10:47 AMT

Կինոյի կայսրությունները. Ինչպես են ստուդիաները կառավարում մոլորակի երևակայությունը

13 February 2025 - 09:04 AMT

21-րդ դարում կինեմատոգրաֆը դարձել է ոչ թե ուղղակի զվարճանք, այլ միլիարդավոր մարդկանց մտածելակերպի վրա ազդող հզորագույն գործիք։ Ամեն շաբաթ ամբողջ աշխարհով մեկ միլիոնավոր կինոդիտողներ սուզվում են մի խումբ կինոստուդիաների ստեղծած հորինված տիեզերքներ։ Մենք ուտում ենք փոփքորն, ծիծաղում ենք ու վիճում` չկասկածելով, որ այդ ժամանակ մոլորակի խոշորագույն կինոկորպորացիաները գործարկում են մշակութային, տնտեսական ու գաղափարախոսական էքսպանսիայի նրբագույն ու լավ մտածված մեխանիզմներ։

PAN-ը պատմում է գլոբալ երևակայության այդ վարպետների մասին` ներկայացնելով, թե ինչպես է նրանց հաջողվել վերածվել մասսայական իրականության գլխավոր ճարտարապետների։

Իրականության գլոբալ ռեժիսորները
Առաջատարների անկասկած եռյակը երեք կինոստուդիա է. Walt Disney Studios-ը, Warner Bros. Pictures-ը ու Universal Pictures-ը։ Սրանք ուղղակի կինոստուդիաներ չեն։ Սրանք մեդիակայսրություններ են, որոնք ազդում են քաղաքականության, երեխաների դաստիարակության ու անգամ ապագայի մասին պատկերացումների վրա։ Նրանց բրենդերը գիտի յուրաքանչյուրը. Marvel, DC, «Աստղային պատերազմներ» (Star Wars), «Հարրի Փոթեր» (Harry Potter), «Մինիոններ» (Minions), «Յուրայի դարաշրջանի այգի» (Jurassic Park) և այլն։ Յուրաքանչյուր ֆրանշիզ ինչպես առանձին մշակութային պետություն` իր պատմությունով, օրենքներով, կրոնով ու առասպելաբանությամբ։