Ապրիլի 2-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալու է «Վան» նախագիծ» երաժիշտների խմբի հաշվետու համերգը։ Կատարվելու են արևմտահայ ժողովրդական ստեղծագործություններ նորովի մշակմամբ և գործիքավորմամբ («Համշենա շարան», «Մալաթիա» «Անի», Մուշի, Սասունի երգեր ու մեղեդիներ և այլն):
Համերգի սկզբում ներկայացվելու են «Վան նախագիծ» ծրագրի շրջանակում 2011թ. կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև 2012թ. նախատեսված միջոցառումները։
«Երկիր» միությունը նախաձեռնել և իրականացնում է «Վան նախագիծ» Հայկական բարձրավանդակի և սևծովյան ավազանի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագիրը 2010 թվականի նոյեմբերից։
Ծրագրի հիմնական նպատակներն են` աջակցել Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի տարածքում ապրող տարբեր էթնիկ խմբերի և Հայաստանի բնակչության միջև միջսահմանային մշակութային կապերի հաստատմանն ու զարգացմանը՝ համատեղ արտահայտվելու և այլն:
«Վան նախագծի» շրջանակներում ձևավորված գիտահետազոտական արշավախումբը 2011թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը այցելել և ուսումնասիրություններ է կատարել Համշենի, Դերսիմի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում: Արշավախմբի անդամ երաժիշտները Նորայր Քարտաշյանի ղեկավարոթյամբ մասնակցել են Արգուվանի և Մնձուրի երաժշտական փառատոններին։ 2011թ. սեպտեմբերի 15-ին «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով «Վան նախագիծ» երաժիշտների խումբը Ստամբուլում համերգային ծրագրով մասնակցել է «Հրանտ Դինք» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության հանդիսությանը:
«Վան նախագիծն» իրականացվում է Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև «Անադոլու կուլտուր» հիմնադրամի (Թուրքիա) կազմակերպչական օժանդակությամբ: