AM
27 Նոյեմբեր 2025 - 08:35 AMT

Ժյուրիի ադրբեջանցի անդամի 12 միավորը հայ մասնակցին քննադատությունների ալիք է բարձրացրել Ադրբեջանում

Աստանայում վերջերս կայացած Silk Way Star միջազգային երգի մրցույթի եզրափակչում Ադրբեջանի ներկայացուցիչ, երգչուհի և «Եվրատեսիլ 2021»-ի մասնակից Սամիրա Էֆենդին Հայաստանի մասնակից Սարո Գևորգյանին 12 միավոր տալուց հետո բուռն քննադատության է արժանացել ադրբեջանական սոցիալական հարթակներում։ Օգտատերերի զգալի մասը խիստ արձագանք է տվել, իսկ մի հատվածը՝ պաշտպանել երգչուհուն, հայտնում է Factor.am-ը։

Սամիրա Էֆենդին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է. «Ես Ադրբեջանի քաղաքացի եմ և չեմ մոռանում իմ պատմությունը։ Բայց մեր ապագան մեր ձեռքերում է։ Ես ձգտում եմ հետևել և աջակցել մեր նախագահի խաղաղության քաղաքականությանը։ Արվեստագետները պետք է փոքրիկ կամուրջներ կառուցեն դեպի խաղաղություն»։

Նա ընդգծել է, որ մրցույթի ընթացքում ինքը հայ մասնակցին գնահատել է միայն նրա պրոֆեսիոնալ ելույթի համար և բազմիցս ցածր միավորներ տվել, ինչը նույնպես օբյեկտիվ է եղել։ Սակայն եզրափակչում իրավիճակն այլ էր. ադրբեջանցի մասնակիցը եզրափակիչի մասնակիցների թվում չէր և, ըստ նրա, կարևոր չէր, թե ով կհաղթեր։

«Եզրափակչում ես բոլորին տվեցի 12 միավոր, հայ մասնակցին՝ նույնպես։ Նա իսկապես լավ ելույթ ունեցավ», – նշել է նա։

Երգչուհու խոսքով՝ իր քայլը պայմանավորված է եղել բարոյական ընտրությամբ ու խաղաղության ձգտումով։

«Երբ ես նրան 12 միավոր տվեցի, նա ձեռքով ցույց տվեց, որ ցանկանում է ինձ գրկել։ Նա մոտեցավ և շնորհակալություն հայտնեց։ Ես անհանգստանում էի, թե ինչ կասի հայրս։ Բայց նա ինքը զանգահարեց ինձ և ասաց՝ «Դու ոչ մի վատ բան չես արել»։ Նրա խոսքերն ինձ ուժ տվեցին։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող եմ ներողություն խնդրել մեր նահատակների ընտանիքներից, բայց ես դա արեցի, որպեսզի այլևս պատերազմներ չլինեն»,–ասել է նա։

Բացի այդ, Էֆենդին նշել է, թե նախկինում՝ մասնավորապես «Եվրատեսիլ 2021»-ի ժամանակ, հայկական կողմից ճնշման է ենթարկվել։

«Այն ժամանակ ոչ ոք ինձ չէր պաշտպանում։ Ես մենակ էի պայքարում։ Բայց հիմա ես ուզում եմ դա թողնել անցյալում և նայել խաղաղության և փոխադարձ հարգանքի ապագային», – հավելել է նա։

Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև, որ երգչուհին պատրաստվում է դատական քայլերի դիմել՝ ընդդեմ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Ակիֆ Նագիի, որը սոցիալական ցանցերում խիստ վիրավորական արտահայտություններով է հանդես եկել։

Վերջինս մասնավորապես գրել է. «Սամիրա Էֆենդի անունով ոմն մեկը շարունակում է իր զզվելի գործողություններն ադրբեջանական ժողովրդի անունից։ Հիմա, Ղազախստանում անցկացվող երգի մրցույթում, նա գրկում է մի հայի, ասում՝ մենք ընկերներ ենք և այլն։ Նա երբևէ գրկե՞լ է նահատակված մոր կամ զինվորի, որը ոտքեր, ձեռքեր կամ աչքեր չունի։ Իշխանությունները չպետք է թույլ տան, որ նա ներկայացնի Ադրբեջանը որևէ տեղ։ Յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է թքի նրա դեմքին, որտեղ էլ տեսնի նրան։ Նրանք չպետք է խաղան ադրբեջանական ժողովրդի արժանապատվության հետ»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։