AM
26 Մարտ 2012 - 08:12 AMT

Վահան Հովհաննիսյան. Իշխանությունների և որոշ ընդդիմադիր ուժերի ընտրացուցակները փոփոխության հույս չեն ներշնչում

ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է քաղաքկան ուժերի ընտրացուցակները` հայտարարելով, որ դրանք փոփոխությունների հույս չեն ներշնչում, ինչին սպասում է ժողովուրդը: Մասնավորապես, նա ընդգծել է ՀՀԿ ցուցակը. «Թարմություն չկա, պաշտոնյան պաշտոնյայի ետևից, նոր մարդիկ չկան»: Ըստ նրա, այդ ցուցակներն արտացոլում են «կադրային ռեսուրսների սնանկությունը»:

Ինչ վերաբերում է սպասումներին գալիք ընտրություններից, ապա, Հովհաննիսյանի կարծիքով. «Ընտրությունների որակը կախված չէ իշխանությունների ցանկությունից, այլ կախված է ժողովրդի տրամադրությունից»: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ժողովուրդը փոփոխությունների նկատմամբ հավատի կարիք ունի, իսկ եթե հույս չկա, դա հանգեցնում է անտարբերության, ինչը իր հերթին ձայնը վաճառելու պատճառ է դառնում: Այս համատեքստում նա նկատել է, որ չի հավատում ՀՀԿ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին, նկատելով, որ «պետք է գոնե ինչ-որ բան անել, որպեսզի մարդիկ հավատան»: