AM
27 Մարտ 2012 - 08:58 AMT

Դպրոցական դասագրքերում առկա են խմբագրական, ուղղագրական և տպագրական սխալներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գնահատականն է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2011թ. գործունեության ոլորտում առկա խնդիրներին և զարգացումներին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից` տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա:

Կարեն Անդրեասյանը նշել է հետևյալ խնդիրները: Նախարարությունը ժամանակին բավարար քայլեր չի ձեռնարկել հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը հստակ սահմանելու ուղղությամբ, ինչպես նաև հրատարակվող դասագրքերն անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու պատճառով, դրանցում, որոշ դեպքերում, առկա են եղել խմբագրական, ուղղագրական և տպագրական սխալներ, որի հետևանքով խախտվել են աշակերտների պատշաճ կրթություն ստանալու իրավունքը:

Չնայած, որ յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսվում են ֆինանսական միջոցներ ուսումնական հաստատությունները ջեռուցման համակարգով ապահովելու համար, այդուհանդերձ բազմաթիվ դպրոցներում չլուծված է մնացել ձմռան ամիսներին դասասենյակներն անհրաժեշտ ջերմաստիճանով ապահովելու խնդիրը Գյուղերում գտնվող դպրոցները չեն ապահովվել սննդի մատուցման ծառայություններով:

Չնայած որ ուսումնական հաստատություններում կոռուպցիան բացառելու նպատակով նախարարության կողմից մշտապես իրականացվել են նպատակաուղղված միջոցառումներ, դրանք բավարար չեն եղել կրթության ոլորտում կոռուպցիոն, ինչպես նաև դպրոցներում դրամահավաքության դեպքերը կանխելու և բացառելու համար:

Արձանագրված դրական զարգացումներներից պաշտպանն առանձնեցրել է այն, որ ներառական դպրոցների ցանկն ավելացել է 15-ով` հանրապետությունում կազմելով 81:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության բարելավման նպատակով ՀՀ կառավարության որոշման համաձայն Տավուշի մարզում սկսվել է համընդհանուր ներառական կրթության կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումը:

2011-2012 ուսումնական տարվանից հանրապետության դպրոցներում 2-րդ դասարանից սկսած ուսումնական պլանով ներդրվել է «Շախմատ» առարկան: