Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է տվյալներ Երևանի մթնոլորտային օդի վիճակի վերաբերյալ՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար։
«Համաձայն ՀՀ կառավարության 2008 թ․ 1186-ն որոշման օդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի։
Առաջիկա 5 օրերին անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, դանդաղեցնելով օդափոխանակությունը։ Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք քաղաքացիներին չայրել չոր տերևներն ու ընձյուղները, չնպաստել օդի աղտոտվածության մեծացմանը և հետևել միայն օդի աղտոտվածության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոն վարչական շրջանում՝ ողջ շաբաթվա ընթացքում,
- Արաբկիրում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
- Շենգավիթում՝ միայն նոյեմբերի 25-ին,
- Նոր Նորքում՝ թույլատրելի սահմանը չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի ցուցանիշներն էլ գերազանցել են սահմանային մակարդակը հետևյալ օրերին՝
- Կենտրոնում՝ նոյեմբերի 19-ին,
- Արաբկիրում՝ նոյեմբերի 20-ին,
- Նոր Նորքում՝ նոյեմբերի 22-ին,
- Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին։
Միևնույն ժամանակ, ծծմբի երկօքսիդի մակարդակը բոլոր վարչական շրջաններում մնացել է թույլատրելի սահմաններում։






