Իշխող Հանրապետական կուսակցությունը ընտրություններից հետո ապագա խորհրդարանում 1-ինն է լինելու «քանակությամբ և կշռով»: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա նաև ընդգծել է, որ իշխանությունների համար առաջնային է երկրում թափանցիկ, ազատ և արդար ընտրությունների անցկացումը:
«Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն իր հերթին սուր քննադատության է ենթարկել իշխանությունների գործողությունները, մասնավորապես` ՀՀԿ-ի: Նա հեգնանքով անդրադարձել է ՀՀԿ-ի` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին, ասելով. «Փոխվեք, որ հավատան»: Սեդրակայանը նաև դրական է գնահատել իշխող կոալիցիայի` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարաձայնությունները:
Ի պատասխան Այվազյանը նկատել է, որ գոյություն ունեն քաղաքական վարքի նորմեր, և եթե իշխող կոալիցիայում որևէ ուժ դժգոհ է տիրող իրավիճակից, կարող է պարզապես հեռանալ: Նա նաև ասել է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ գալիք ընտրություններին պայքարել որևէ մեկի դեմ, այլ պայքարելու է իր քվեների համար:






