AM
27 Մարտ 2012 - 14:39 AMT

Գրիգոր Խաչատրյան. Բեմադրիչը չպետք է ցույց տա՝ ով է մեղավոր կամ անմեղ, հանդիսատեսը կորոշի…

2008 թ.-ին նրան հաջողություն բերեց Վ. Սիգարևի «Fantom-ային ցավեր» ներկայացումը, որն արժանացավ «Արտավազդ» թատերական մրցանակի, իսկ 2009 թ.-ին բեմադրեց նույն հեղինակի «Արնախումի ընտանիքը» պիեսը: Ռեժիսոր Գրիգորն ասում է, որ Սիգարևը նոր թատերական ոճ է և հետաքրքիր է բեմադրության ու դերասանի հետ աշխատելու առումով: «Սիգարևը գրում է մարդկային ճակատագրերի մասին, իսկ թատրոնը չի կարող չշոշափել այն: Շատերը կարծում են, որ ես դիտմամբ եմ բեմադրել նրան, որպեսզի իմ մասին խոսեն: Ինձ պարզապես դուր է գալիս Սիգարևը և վերջ: Ես գրեթե համոզված էի, որ այդ ներկայացումները չեն դիտվի: Ում ՞ է պետք ուրիշի դժբախտությունը: Ոչ ոք չի մտածում, որ այն, ինչ տեղի է ունենում Սիգարևի պիեսներում, կարող է պատահել իր հետ»:

Խաչատրյանին դուր չեն գալիս «ամերիկյան կարկանդակները», որովհետև դրանք պրիմիտիվ են: Խուան Խոսե Ալոնսո Միլիանի «Ցիանակալիում կաթով կամ առանց կաթի» սև հումորով համեմված ֆարսը, որը նա բեմադրել է 2010 թ-ին, առաջարկում է հայացք դեպի էքստրեմալ իրավիճակ: «Այստեղ էքստրիմը հիանալի է շեշտված: Հիմա այն, ինչ ցույց են տալիս մարդկանց, դրանից էլ նրանք սովորում են: Հիմա մեր հեռուստաընկերություններում ցույց են տալիս այնպիսի բաներ, որոնք խայտառակում են ամեն ինչ: Ցույց տվեք մարդկանց լավ բան, և նրանք լավ բան կսովորեն:

Խոսելով այն մասին, թե ինչպիսի՞ն է Գրիգոր Խաչատրյանի թատրոնը, նա ասում է. «Ես սիրում եմ շոշափել մարդկային հարաբերություններ, դա ինձ համար ամենակարևորն է: Իմ թատրոնում պետք է էքստրեմալ իրավիճակ լինի, որովհետև միայն այդ դեպքում կարելի է տեսնել մարդու իսկական էությունը: Իմ թատրոնում հերոսի հայացքում պետք է հեղափոխություն տեղի ունենա: Ես չեմ սիրում տալ հարցի լուծումներ, ես սիրում եմ հարցեր առաջացնել: Մեղավորին և անմեղին ես ցույց չեմ տալիս, թող հանդիսատեսը որոշի, թե ով է ճիշտ»:

Այսօր շատ երիտասարդ ստեղծագործողներ գանգատվում են, որ այժմյան թատրոնը մի քանի մարդկանց ձեռքերում է, և իրենք են որոշում ողջ հայ թատերական կյանքը և ճանապարհ չեն տալիս նրանց: Գրիգոր Խաչատրյանը կարծում է, որ աշխատող մարդու համար հնարավորություններ միշտ էլ կան և հնարավոր չէ աշխատող մարդուն գծերից գցել: «Երևի հիմա ընթերցողները կարծում են, որ «ձայնս տաք տեղից է գալիս» և այդ հարցերը ինձ չեն վերաբերում, քանի որ ես Դրամատիկի դերասան եմ և Խանդիկյանի ուսանողը: Այո, նա ինձ հավատացել է, բայց հենց այդ իսկ պատճառով առավել պարտավորված եմ դառնում: Ես ամեն տարի մի նոր բան եմ բեմադրում և դա դարձել է ինձ համար կյանքի ռիթմ: Մյուս տարի կբեմադրեմ դասական մի գործ: Դասականն ամենամնայունն է: Կա տարբերություն լրագրի և գրքի միջև: Լրագիրն այսօր հրատապ է, իսկ վաղն արդեն՝ հին: Կարծում եմ՝ հասունացել եմ դասական գործ բեմադրելու համար»:

Մեր զրույցի ավարտին Խաչատրյանը խոսեց թատրոնի հանդեսատեսի մասին: «Անչափ շնորհակալ եմ հայ կանանց, ովքեր սիրում են թատրոնը և այս տեմպերով գալիս են մեզ մոտ: 10 տոմս գնողից 9-ը կանայք են: Դա երևի աշխարհում նախադեպը չունի: Եթե կան հայ կանայք, ապա հայ թատրոնը կապրի (ժպտում է-Ս.Խ.): Անչափ շնորհակալ եմ Ձեզնից»: