AM
29 Մարտ 2012 - 09:22 AMT

Մանվել Ղումաշյան. ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով քիչ հավանական է

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, ԵԱՀԿ ՄԽ-ում ԵՄ մանդատով Ֆրանսիայի մանդատի փոխարինման հեռանկարը մշուշոտ է: «Դա քիչ հավանական է, քանի որ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ընդունվել և հազիվ թե ընդունվի, դա լոկ Եվրախորհրդարանի անդամներից մեկի առաջարկն է, չեմ կարծում, որ նման որոշում կկայացվի»,-ասել է Ղումաշյանը:

Ըստ վերլուծաբանի, այդ նորությունը չափից շատ ուռճացրեցին, սակայն, դա այնքան էլ չի կարևորվում, քանի որ, առաջինը, նման որոշման կայացումը քիչ հավանական է, իսկ երկրորդը, այն փոփոխություններ չի ներմուծի բանակցային գործընթաց: Ֆրանսիան ԵՄ հիմնադիր և կարևորագույն երկրներից է և եթե նա չցանկանա զիջել մանդատը, կմնա ԵԱՀԿ ՄԽ կազմում: Եվ նույնիսկ եթե ԵՄ-ն փոխարինի Ֆրանսիային, Ֆրանսիան կկարողանա թելադրել, կամ առնվազն, հսկայական ազդեցություն կունենա Մինսկի խմբի դիրքորոշման վրա, հայտարարել է վերլուծաբանը:

Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը փաստաթուղթ ընդունեց Հայաստանի վերաբերյալ, որտեղ առաջարկվում է Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ ՄԽ-ում փոխարինել ԵՄ մանդատով: