AM
30 Մարտ 2012 - 12:34 AMT

Պատրիկ Ֆիորին Հայաստանում զբաղվել է բարեգործությամբ, սակայն չի ցանկացել բարձրաձայնել այդ մասին

Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին, որը մարտի 31-ին ելույթ է ունենալու Երևանի «Մեցցո» ակումբում, խոստովանել է, որ Հայաստանից այդքան էլ հեռու չի եղել: Մամլո ասուլիսում նա նշեց, որ եղել է «Պրովանս Արմենի» բարեգործական ընկերության հոգաբարձուն, և օգնել է կարիքավոր մարդկանց: Երգիչը, ում մեծ հռչակ բերեց «Փարիզի Ատվածամոր տաճարը» մյուզիքլը, ասաց, որ չի ցանկացել այդ ժամանակ աղմուկ բարձրացնել իր գործունեության մասին, լրագրողներ հրավիրել:

Պատրիկը միշտ հիշել է իր ազգային պատկանելության մասին, տատիկից և պապկից մի քիչ հայերեն է սովորել: «Ես մեծացել եմ նույն արժեքներով, ինչ դուք, նույն պայքարն եմ մղել, որ կոչվեմ հայ», ասաց նա, հավելելով, որ մեծացել է հայկական երաժշտության մեղեդիների ներքո:

Երգիչը վերջին անգամ Հայաստանում եղել է 2004 թ-ին, երբ համատեղ համերգ է տվել Նունե Եսայանի հետ: Նրա խոսքով, այդքան տարիներ հետո նա մեծ առաջընթաց է տեսնում: Ըստ նրա, հայ երիտասարդներն ավելի են գեղեցկացել, ավելի նպատակասլաց են դարձել:

Ակումբում Ֆիորին թողեց իր ստորագրությունն իր անվանական արկղիկի վրա, որտեղ ինքնագիր են թողել այնտեղ ելույթ ունեցած մեծահամբավ ռեժիսոր և կոմպոզիտոր Էմիր Կուստուրիցան, կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը և այլոք:

Պատրիկ Ֆիորին (Շուշայան) ծնվել է 1969 թ-ի սեպտեմբերի 23-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում: «Ինչքան ինձ հիշում եմ, ես շրջապատված եմ երաժշտությամբ», ասում է երգիչը, հավելելով. «Երբ ես փոքր էի, իմ քույրերն ինձ համար օրորոցային էին երգում: Մեր տանը երգում են բոլորը` նույնիսկ բաղաձայն հայրս»:

Երգիչն առաջին անգամ բեմ է դուրս եկել 12 տարեկանում, Մարսելի օպերայում: Ֆիորին շատ արագ ճանաչում է ստանում և հրավերներ ստանում տարբեր վայրերից: 1992 թ-ին «Ֆրանսիական երգ» մրցույթում արժանանում է առաջին մրցանակի: 1993 թ-ին նրան պատիվ է վիճակվում Ֆրանսիան ներկայացնելու « Եվրատեսիլ» երգի մրցույթում, որտեղ Mama Corsica երգով զբաղեցնում է 4-րդ տեղը: 1994 և 1995 թ-ին նա թողարկում է երկու ձայնասկավառակ:

1997 թ-ին երգիչը մեծ վերելք ապրեց «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում ելույթ ունենալուց հետո: Գառուի և Դանիել Լավուայի հետ համատեղ ձայնագրած Belle երգը պտտվում էր ողջ աշխարհով մեկ:

2000 թ-ին մյուզիքլից դուրս գալուց հետո նա ձայնագրել է ևս 5 ալբոմ: 2010 թ-ին L’instinct masculin ալբոմը 3 ամիս անց դարձավ պլատինե: