Այս տարի «Թատրոն-ԻՔՍ» հինգերորդ հանրապետական փառատոնի շրջանակում առաջին անգամ տեղի են ունենալու վարպետության դասընթացներ և և կլոր սեղաններ, իսկ փառատոնի մարզային և երևանյան փուլերն անցկացվելու են զուգահեռաբար:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը մամլո ասուլիսում նշեց, որ «Թատրոն-ԻՔՍ»-ը լավագույն փառատոներից է և նախարարության լավագույն ձեռքբերումներից մեկը, որն ամփոփում է նախորդ տարվա աշխատանքը: Նա կարևորում է նաև ներկայացումներից հետո տեղի ունեցող քննարկումները, որոնք ուղենիշ են հաջորդ տարվա մշակութային քաղաքականությունն իրականացնելու համար:
Փառատոնի նախագահ Արա Խզմալյանը նշեց, որ փառատոնը տարիների ընթացքում չկորցրեց իր նշանակությունը, տարեց տարի ավելանում է մասնակիցների թիվը: Այն իսկապես կատարում է իր նշանակությունը, սոցալ-հասարակական դերը: Խզմալյանն ուրախ է, որ փառատոնը թատրոնի ոլորտում քաղաքականության կողմնորոշիչ է հանդիսանում: Փառատոնի պրոդյուսեր Էրիկ Բարսեղյանն ասաց, որ այս տարի ևս կլինեն մրցանակներ, և ավանդույթի համաձայն դրա մասին կհայտարարվի փառատոնի փակման ժամանակ:
Փառատոնն անցկացվելու է ապրիլի 2-ից մայիսի 3-ը, որին մասնակցելու են հանրապետության և ԼՂՀ-ի 30 թատրոններ և թատերախմբեր: «Թատրոն-ԻՔՍ»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` ժամը 17.00-ին, իսկ առաջին ներկայացումը լինելու է Ն. Գոգոլի «Քիթը» (ռեժիսոր Սամսոն Մովսեսյան) UP թատերախմբի ներկայացմամբ: Փառատոնը եզրափակելու է Նարեկ Դուրյանի «Շեղշե լյա ֆամ» ներկայացումը:
Փառատոնի գլխավոր հովանավորն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը:






