Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 7-9-ը կայանալիք «Համահայկական էքսպո 2012»-ին արտադրողները ներկայացնելու են բացառապես բաններներ և տեսանյութեր էկրանի վրա: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Օրերս մամուլում հայտնվել էին լուրեր, ըստ որի համերգասրահում տեղի է ունենալու սննդամթերքի ցուցահանդես: Սիրունյանը դա բացառում է, նշելով, որ նա նման բան թույլ չի տա: Էքսպոյի շրջանակներում երեք օր համերգասրահում հնչելու է տարբեր ժանրերի երաժշտություն: Ռուզաննա Սիրունյանը հավելել է նաև, որ ամեն տեսակի համերգների համար դահլիճը չի տրամադրվում, և բնականաբար սննդի մասին էլ խոսք չի կարող լինել: Ինչ վերաբերվում է տարածքի ընտրությանը, Սիրունյանը դա բացատրում է ձևաչափով, քանի որ համերգասրահը հարմար է համարվել:
Սիրունյանը լրագրողներին հիշեցրել է, որ համերգների ընթացքում միշտ առկա է հովանավոր ընկերության բանները:
Այնուամենայնիվ, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը չի հավատում դրան, և պատրաստվում է անձամբ այցելել էքսպո և համոզվել: Նա գտնում է, որ մշակութային օջախում նման բանն անթույլատրելի է: Նույն կարծիքի է նաև «Մշակույթ» ՀԿ նախագահ Անի Զախարյանը:






