«Աստանայի հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր և ԵԱՀԿ ՄԽ երկու այլ համանախագահ երկրների անունից հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ բոլոր սկզբունքները և տարրերը դիտարկվում են բացառապես մեկ փաթեթեի սահմաններում և պետք է համատեղ ընդունվեն»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս հայտարարությունը նա արել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիւս Աժուբալիսի հետ տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով լրագրողի այն հարցին, որն առնչվում էր Ադրբեջանի հայտարարությանը, որ բանակցությունները կշարունակվեն «զորքերը դուրս բերելուց» հետո միայն: «Ադրբեջանը անհեթեթ դիրք է գրավել` պահանջելով ի կատար ածել մի տարրը և մյուսները քննարկել հետո: Այս առումով, Հայաստանի և համանախագահների դիրքորոշումները համընկնում են` ամեն ինչ պետք է դիտարկել փաթեթում»,-ընդգծել է Նալբանդյանը: Ըստ նրա, Ադրբեջանի հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացին: Այդ երկրի իշխանությունները ձևացնում են, որ փորձում են լուծել խնդիրը, սակայն իրականում, նման ոչ կառուցողական դիրքորոշումը խոսում է հակառակի մասին, ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Եզրափակելով, Նալբանդյանն ընդգծել է, որ 1989թ Լիտվայի խորհրդարանը դիմել էր խորհրդային իշխանություններին` խնդրելով ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Այդ փաստաթղթի տեքստի պատճենը նա հանձնել է իր լիտվացի գործընկերոջը:






