«Ադրբեջանի հայտարարությունները վարկաբեկում են ՄԱԿ Անվտանգության խորհուրդը»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռասիստական արտահայտությունները: «Եվրոպայի խորհուրդն արդեն ընդունել է փաստաթուղթ, որտեղ մասնավորապես Ադրբեջանը հիշատակվում է որպես մի երկիր, որն իրեն թույլ է տալիս խայտառակ հայտարարություններ անել»,-ասել է Նալբանդյանը: Նման կարգախոսներ հնչեցնող երկիրը լարվածություն է ստեղծում տարածաշրջանում: Մի երկիր, որը սպառազինություն է կուտակում իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու համար, որը մի ողջ ժողովրդի թշնամի է անվանում, այդ երկիրը վարկաբեկում է ՄԱԿ ԱԽ-ն իր ներկայությամբ այդ կազմակերպությունում, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Ապրիլի 3-ին Բաքվում կայացած «Եվրանեսթի» ԽՎ ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլ տվեց իրեն հայերին անվանել «ֆաշիստներ»: Այդ հայտարարությունը վրդովեցրեց հայկական պատվիրակությանը, որն այն անվանեց ոչ կոռեկտ ու դիվանագիտական նորմերից դուրս: Իր դժգոհությունը հայտնեցին նաև մյուս պատվիրակությունները:
«Եվրանեսթի» անդամներ են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:






