ԱՄՆ-ն հանդես է գալիս Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծից դիպուկահարներին ետ քաշելու օգտին և կարևոր է համարում այդ քայլը տարածաշրջանում լարվածությունը նավզեցնելու գործում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, պատասխանելով կոնգրեսական Հովարդ Բերմանի այն հարցմանը, որ ադրբեջանական կողմը մերժում է դիպուկահարներին ետ քաշելու ԵԱՀԿ ՄԽ առաջարկը:
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), պատասխանի մյուս մասում, չնայած Բաքվի միակողմանի ագրեսիային ու սպառնալիքներին, Քլինթոնը կրկին արհետսկան «մտահոգություն» է հայտնում, հորդորելով «բոլոր կողմերին» բարելավել բանակցային մթոնոլորտը, խուսափել անտեղի զոհերից ու պահպանել հրադադարը:
«Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնում օգնելու ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, հասնելու համար վերջնական և խաղաղ համաձայնության: ԱՄՆ-ն գտնում է, որ կողմերը պետք է զուսպ լինեն իրենց հայտարարություններում՝ խուսափելու համար թյուրիմացություններից ու անցանկալի հետևանքներից: Մենք կրկին հայտարարում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և միայն խաղաղ կարգավորումը կարող է անվտանգություն, կայունություն ու հաշտեցում հաստատել տարածաշրջանում: Մենք ցավում ենք մարդկանց մահվան համար և կոչ ենք անում կողմերին միջոցներ ձեռնարկել բարելավելու համար բանակցությունների մթնոլորտը, խուսափելու համար անտեղի զոհերից ու պահպանելու համար հրադադարը»,-ասել է Հիլարի Քլինթոնը: