Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում նշվել է մայրության և գեղեցկության տոնը կամ Աստվածածնի ավետումը:
Ապրիլի 7-ին, տեղի է ունեցել «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի և երաժշտական գործիքների համույթի պատանեկան երգչախմբի անդրանիկ համերգը, դառնելով զավակների յուրատեսակ շնորհավորանքը՝ ուղղված բոլոր մայրերին: Համույթը տոնական համերգին ներկայացել է մեկ տասնյակից ավելի խմբային և մեներերգային կատարումներով:
Սուրբ Ներսես Շնորհալու անունը կրող պատանեկան համույթը ստեղծվել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանի և երաժշտական մասի ղեկավար Պավել Օգանեզովի ջանքերով: Համույթը, ուր ընդգրկված են 7-13 տարեկան հասակի Թբիլիսիի տարբեր դպրոցների սովորողներ, ունի ընդամենը մի քանի ամսվա պատմություն: Խմբավար Մարի Աբուլյանի աշխատանքի շնորհիվ, համույթի անդամները հանդիսատեսին ներկայացրել են հայկական ժողովրդական, հայրենասիրական, էստրադային և մանկական երգերի փայլուն կատարումներով: Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գոհունակություն հայտնելով պատանիներին գեղեցիկ համերգի համար, հորդորել է մեծացնել երգացանկը, ընդգրկելով նաև հայկական հոգևոր երգեր և դասական երաժշտության նմուշներ:
«Սուրբ Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի հաջորդ համերգն ավելի ընդարձակ ծրագրով կկայանա հունիսի 1-ին և կնվիրվի Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:






