AM
10 Ապրիլ 2012 - 09:53 AMT

Հայաստանն ունի արհեստները որպես արդյունաբերության ճյուղ զարգացնելու նախադրյալներ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում այսօր տեղի ունեցավ «Ժառանգաբար փոխանցվող արհեստները» զարգացման ընդհանուր հարթակ. ստեղծագործական արտադրությունների հզորացում Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի բացումը: Այն նպատակ ունի 3 երկրների մշակույթի գործիչների միջև զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը` Արևելյան գործընկերության Մշակութային ծրագրով: Այս ծրագիրը ներառում է վեց երկիր` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակ Ժան-Քրիստոֆ Գայրան նշեց, որ ծրագիրն ուղղված է ժառանգական արհեստների զարգացմանն ու ստեղծագործական արտադրությունների բնագավառի ինստիտուցիոնալ զարգացմանը 3 երկրներում. «Ծրագիրը հատկապես կարևոր է մշակույթի և բիզնեսի միջև կապի ստեղծման, զարգացման համար: Սրանից կշահեն 3 երկրները հավասարապես»:

«Շարան» արհեստների կենտրոնի հիմնադիր Արամ Շարամբեյանի կարծիքով, Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ որակները արհեստները որպես արդյունաբերության ճյուղ օգտագործելու համար. «Ճիշտ է, մենք փոքր երկիր ենք և հարուստ չենք ռեսուրսներով, սակայն մենք այլ շատ կարևոր բաներ ունենք արհեստների զարգացման համար: Օրինակ մեզ մոտ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով ինչ-որ արհեստի է տիրապետում»: