Երեկ իրավապահների կողմից գրոհի է ենթարկվել Կապան քաղաքի մատույցներում գործող «Սան Փալաս» խաղատունը: Այս խաղատունը բացման օրվանից ի վեր որևէ հարկային պարտավորություն չի կատարել, քանի որ գործել է ապօրինի: «Սան Փալասը» գործում է շուրջ երկու ամիս, սակայն ֆինանսների նախարարության կողմից չունի լիցենզիա: «Առավոտի» տեղեկություններով, չլիցենզավորված խաղատունը պատկանում է ոմն Արթուրի, որը Կապանում հայտնի է «Աբաս» մականունով: Նա Հայաստան է տեղափոխվել Մոսկվայում բնակվող մեծահարուստ Միրիկի սպանությունից հետո, եղել է Միրիկի վարորդը: Միրիկը Մոսկվայում նույնպես խաղատների բիզնես է ունեցել:
Ըստ որոշ լուրերի, այս խաղատան տանիքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, ինչով էլ բացատրվում է այդ օբյեկտի` արտոնյալ պայմաններում գործելը: Թերթի տեղեկություններով, իրավապահները բռնել են նույնիսկ այդ պահին խաղատանը գտնվող հաճախորդներին: Կապանցիները պատմել են, որ խաղատան համար դիլեր-աղջիկներ բերել էին Ուկրաինայից:






