AM
11 Ապրիլ 2012 - 10:17 AMT

«Ժառանգությունը» կարող է վերանայել իր մասնակցությունը`ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի աշխատանքներին

Ինչպես հայտարարել է «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը, իրենք կքննարկեն ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբում իրենց մասնակցության հարցը, եթե իրենց նախապայմանները չկատարվեն: Շտաբի այսօրվա նիստին նա երկու առաջարկ է արել` բարեգործության անվան ներքո տրվող ընտրակաշառքների մոնիտորինգի հանձնաժողովի ձևավորում, ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժի ցուցակի առաջին երեք համարների կողմից ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի ստեղծման մասին փաստաթղթի ստորագրում: Հակոբյանի առաջարկները, հատկապես երկրորդ կետը, Հակոբյանի և Լևոն Զուրաբյանի (ՀԱԿ), Վարդան Օսկանյանի (ԲՀԿ) և Հմայակ Հովհաննիսյանի միջև բուռն բանավեճի պատճառ է դարձել: Ընդ որում, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում կարող են դա անել, չնայած որ չեն տեսնում դրա անհրաժեշտությունը: Հակոբյանը լքել է շտաբի նիստը` մնացած մասնակիցներին հաջող աշխատանք մաղթելով և հավելելով, որ իր կուսակցությունը շտաբի հետ հետագա աշխատանքներին մասնակցության ձևաչափը կքննարկի, եթե առաջարկներն ընդունվեն:

Հակոբյանի հեռանալուց հետո, հանձնաժողով ստեղծելու մասին նրա առաջարկն ընդունվեց, չնայած Վարդան Օսկանյանի կողմից արված որոշ վերապահումների: Մնացած մասնակիցները ընդունեցին նաև Դաշնակցության առաջարկած շտաբի ձևաչափի ու կառուցվածքի մասին փաստաթուղթը, սակայն այս առնչությամբ ևս Օսկանյանը 2 վերապահում է առաջադրել` մեկը ընտրությունների արդյունքների դատական բողոքարկման, մյուսը` ընտրությունների արդյունքների համատեղ գնահատման վերաբերյալ:

Իշխող ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ապրիլի 4-ին հրաժարվել էր ստորագրել ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի ստեղծման մասին հռչակագիրը: