AM
16 Ապրիլ 2012 - 10:41 AMT

Ազգային արխիվը ստեղծում է Ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարան

Բացի «Վշտապատում»-ի հրատարակումից, որը լույս կտեսնի մինչև մայիս, Հայաստանի ազգային արխիվը Ցեղասպանության 100-ամյակին իրականցվող միջոցառումների շրջանակում կիրականացնի ևս 2 ծրագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Ըստ առաջին ծրագրի` հրատարակվելու են Ցեղասպանության ժամանակ հայերի կրած նյութական վնասների մասին տվյալները։ «Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի ջանքերով ստեղծված խումբը 1918 թվականին շրջում էր ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների շրջանում և գրի առնում տվյալները, թե ցեղասպանության ժամանակ ինչպիսի մարդկային, նյութական կորուստներ է կրել յուրաքանչյուր ընտանիք»,- նշեց Ազգային արխիվի տնօրենը:

Հաջորդ ծրագիրը կլինի էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը, որտեղ կամփոփվեն մինչև 1922 թվականը տեղի ունեցած ցեղասպանության և կոտորածների ընթացքում նահատակված հայերի տվյալները`տարիքը, անունը և, առհասարակ, այն ամենն, ինչ պահպանվել է տարբեր փաստաթղթերում։