Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ապրիլի 18-ին բացվելու է «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսը` ներկայացնելով համաշխարհային ժառանգություն ճանաչված 2 տասնյակ հնագիտական վայրեր: Ցուցահանդեսը բացվելու է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ:
Ինչպես հայտնում է թանգարանի մամլո ծառայությունը, ցուցահանդեսը ոչ միայն կրելու է ճանաչողական բնույթ, այլև նպատակ ունի բարձրացնել հնագիտական ժառանգության նկատմամբ պատասխանատվությունը և մտորել Համաշխարհային ժառանգության ցուցակում հայկական հնագիտական վայրերը ներկայացված տեսնելու հեռանկարի շուրջ:
Ցուցահանդեսը նախատեսված է ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր գործունեություն են իրականացնում պատմամշակութային վայրերի պահպանության, վերականգնման, կառավարման և հանրահռչակման ոլորտներում:
Միջազգային օրն արգելոց-թանգարանում նշանավորվելու է նաև հասարակական նշանակություն ունեցող մեկ այլ կարևոր իրադարձությամբ: Շահագործման է հանձնվելու թանգարանի շենքի կողային ճակատից դեպի գլխավոր ցուցասրահ տանող թեքահարթակը` նախատեսված տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:
Թեքահարթակի կառուցումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ, և նպատակ է հետապնդում հասարակության բոլոր անդամների համար ապահովել հավասար մատչելիություն դեպի մշակութային օջախներ: Թեքահարթակի օգնությամբ թանգարան մտնող 1-ին այցելուներն են լինելու «Ունիսոն» ՀԿ-ի անդամները:






