Հայաստանի «Միմոս» խամաճիկների թատրոնը մասնակցում է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող «Տիկնիկների ֆանտազիա» (Фантазия кукол) տիկնիկային թատրոնների 3-րդ միջազգային փառատոնին:
Թատրոնը փառատոնին ներկայանալու է Ն. Ջրբաշյանի «Մի գայլի պատմություն» խամաճիկային պիեսով, որը բեմադրվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2010 թ., հաջողությամբ ընդունվել մանուկ հանդիսատեսի կողմից և ներկայացվել փառատոների: «Միմոսն» առաջին անգամ է մասնակցում ժանրային այս ձևաչափի միջազգային փառատոնի, իսկ թատրոնի ընտրությունը բխում է ոլորտի համաչափ զարգացման՝ Նախարարության որդեգրած քաղաքականությունից:
Փառատոնի նպատակն է արվեստի ոլորտում հետխորհրդային երկրների միջև միջպետական համագործակցության ու կապերի վերականգնումը, զարգացումն ու ամրապնդումը, մասնավորապես տիկնիկային արվեստում փոխշփումների զարգացմանը նպաստելը:
Փառատոնն անցկացվում է ապրիլի 11-18-ը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:






